Պետք է հասկանալ, որ հնարավորինի արվեստը հասել է այդքանին.Էդմոն Մարուքյան

28/06/2015

Արդեն մեկ շաբաթ է, ինչ շարունակվում է Բաղրամյան պողոտայի ցույցը: Երեկ երեկոյան ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խորհրդակցություն անցկացրեց կառավարության` էներգետիկ համակարգի պատասխանատուների հետ, ասելով, որ հոսանքի սակագնի թանկացումը չի կասեցվում, և որ մինչ համակարգում աուդիտ անցկացնելը 6,93 դրամով թանկացումը կփոխհատուցի կառավարությունը: Ոստիկանությունն իր հերթին պահանջել է ցուցարարներից` ազատել Բաղրամյան պողոտան:

Yerkir.am-ի հետ զրույցում, պատասխանելով մեր այն հարցին, թե կարո՞ղ ենք փաստել, որ ցուցարարները ունեցան ինչ-որ նվաճում, ԱԺ անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը պատասխանեց. «Որ շարժումն ունեցավ նվաճում, դրանում ոչ մի կասկած չունեմ, դա միանշանակ է: Քիչ առաջ ես դիտում էի «Ոչ թալանին» նախաձեռնության անդամներից մեկի` Վաղինակ Շուշանյանի հարցազրույցը, որտեղ նա ասում էր, որ պետք է տուն գնալ և գնալ` մեծ ճակատամարտի փոքր հաղթանակով: Ես, ըստ էության, համաձայն եմ Վաղինակի հետ: Պետք է մասնակցել այն բոլոր պրոցեսներին, ինչ որ առաջարկվում է, այսինքն մասնակցել աուդիտի անցացմանը քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների միջոցով ևս, և ընթացքում եթե որևէ բան չբավարարի, կրկին կարելի է հավաքվել Բաղրամյան փողոցում»:

Հարցին, թե մոտավորապես որքա՞ն ժամանակ կտևի աուդիտի անցկացումը, պատգամավորը նշեց. «Կարծում եմ` 2-3 ամիս կտևի աուդիտը, նայած թե ինչ ռեսուրսներ են ներգրավվելու աուդիտում: Եթե 10 մասնակից ներգրավվի, կարող է աուդիտը ձգձգվել տարիներով նույնիսկ»: Էդմոն Մարուքյանը հավելեց. « Այս պահին, ես համամիտ եմ, որ որոշակի հաղթանակ է արձանագրվել, և այդ դրական ուղերձը պետք է փոխանցել մարդկանց և շարունակել պայքարել:

Անպայման պետք է մասնակցել առաջարկվող պրոցեսին, թող նախաձեռնության անդամները իրենց ներկայացուցիչներն ունենան աուդիտի անցկացման գործում, և անընդհատ մոնիթորինգի տակ պահեն ամբողջ գործընթացը, թե աուդիտը, թե կառավարության կողմից առաջարկվող փոխհատուցման գործընթացը, որովհետև պարզ չէ, թե ինչ գումարներից է փոխհատուցվելու, և վերջապես կարելի է պահանջել, որ պատասխատանվության ենթարկվեն նաև բռնարարքների մեղավորները: Այս պահին պետք է հասկանալ, որ հնարավորինի արվեստը հասել է այդքանին»:

Աղբյուր՝ yerkir.am

Բաժին: Հարցազրույցներ, Մամուլ