«Պահանջում եմ բոլոր բերման ենթարկվածներին ազատ արձակել». Էդմոն Մարուքյան

23/06/2015

ԱԺ անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը Բաղրամյան պողոտայում տեղի ունեցածի կապակցությամբ ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Քիչ առաջ վերադարձա Մետրոպոլիտենի ոստիկանության բաժնից, որտեղ առավոտյան ժամը 6-ից բերման են ենթարկված շուրջ 14 քաղաքացի, որտեղ էր նաև արցախյան պատերազմի մասնակից, ազգային պարարվեստի հայտնի գործիչ Գագիկ Գինոսյանը: Ոստիկանապետի հետ հանդիպումից հետո պարզվեց, որ կանայք տարվել են ալկոհոլի օգտագործման ստուգման, իսկ տղամարդիկ՝ նարկոդիսպանսեր:

Կոնկրետ Մետրոպոլիտենի բաժնի ոստիկանությունից բողոքներ չկային, սակայն անխտիր բոլոր բերման ենթարկվածները բողոքում էին և պատմում, որ բռնությունների են ենթարկվել, իսկ 4 հոգուն ընդհանրապես տաքսի ավտոմեքենայի միջից են հանել և բերել բաժին:

Գագիկ Գինոսյանը պատմեց, որ նկատել է, որ օպերային երգչուհուն թևերը ոլորած տանում են, նա միջամտել է և ասել, որ նա օպերային երգչուհի է, հարցրել է՝ «Ի՞նչ եք անում», այնուհետև նրան ևս բռնության ենթարկելով բերման են ենթարկել, ինչի մասին նա մանրամասն հայտարարություն կտա քննիչի մոտ:
Մետրոպոլիտենի բաժնի ոստիկանության պետն ինձ տեղեկացրեց, որ հարուցված է քրեական գործ՝ խուլիգանության հատկանիշներով:

Պետք է ասեմ, որ բերման ենթարկվածներն արդեն շուրջ 6 ժամ չէին կարողանում պարզել իրենց դատավարական կարգավիճակը: Ոստիկանապետից պահանջել եմ, որպեսզի բերման ենթարկվածների կարգավիճակը պարզեն, անձամբ պարզաբանել եմ նրանց սահմանադրական և դատավարական իրավունքները, ինչից հետո նրանք տարվել են քննիչի մոտ՝ կարգավիճակի հարցը լուծելու համար: Ինձ միացավ նաև տիկին Անահիտ Բաշխյանը, ով նույնպես պահանջում էր ազատ արձակել բոլոր բերման ենթարկվածներին»:

Աղբյուր՝ 168.am

Բաժին: featured, Մամուլ