Հրաշալի նախադեպ
Հայտնի է դարձել, որ ՀՀ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հայ-ռուսական ինչ որ կառույցների ղեկավար Անդրանիկ Նիկողոսյանից հետ է պահանջել նրան նվիրած անվանական զենքը և մի քանի այլ անվանական նվերներ: Պարզվում է՝ Նիկողոսյանը պարգեւատրվել է նաեւ ՊՆ Անդրանիկ Օզանյան եւ Գարեգին Նժդեհ մեդալներով:Պարզվում է նաեւ, որ ՀՀ պետական կառավարման զանազան մարմիններ նույնպես մեդալներ են տվել նրան, մասնավորապես՝ Ազգային ժողովը, Ոստիկանությունը, Երեւանի քաղաքապետարանը եւ այլն: Թե ինչու են տվել այդ պարգեւները՝ մնում է անասկանալի, հատկապես նկատի ունենալով Նիկողոսյանի անփառունակ կենսագրությունը եւ բազմաթիվ կոռուպցիոն ու սեռական բնույթի սկանդալները, որոնց մեջ նա ընկնում է պարբերաբար:Հիշեցնենք, որ սա հայտարարել է, որ Հայաստանը պետք է մտնի Ռուսաստանի կազմի մեջ: Երեւի վերջին սեռական սկանդալի արդյունքում բանտ չընկնելու համար որոշել է հաճոյանալ ռուսներին, քանի որ նա ստացել է նաեւ ռուսական բազմաթիվ մեդալներ ու պարգեւներ: Թող չմտահոգվի՝ Կրեմլը նրա նմաների հույսին է մնացել:Հայտարարությանն արձագանքել է ԱԺ անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը, ԱԺ ղեկավարությունից պահանջելով հետ վերցնել մեդալը: Մարուքյանը նաեւ առաջարկել է քրեական խստագույն պատիժ սահմանել բոլոր նրանց հանդեպ, ովքեր ոտնձգություն կկատարեն Հայաստանի ինքնիշխանության դեմ:Էդմոն Մարուքյանի ու Սեյրան Օհանյանի քայլերը հուսադրող են եւ պետք է նախադեպ դառնան: Տեսեք ուր ենք հասել, բայց պարզվում է՝ բարձրագույն պետական արժեքը՝ ինքնիշխանությունը դեռ քննարկման առարկա է՝ այսքան կորուստներից, տառապանքներից, պատերազմում հազարավոր հայորդիների անձնազոհությունից հետո:Այս ամենը պահանջում է միանշանակ քայլեր թե օրենսդրության, թե այլ մակարդակներում՝ հետ չկանգնելով անգամ ամենակոշտ քայլերից եւ մեկընդմիշտ փակելով թեման:Իսկ մնացածի մասին թող ռուսները մտածեն՝ իրենք են օգտագործում հայկական ազգանուններ կրող զանազան բախտախնդիրներին, հայրենիքը մի շիշ արաղով փոխողներին, մեդիա-փորձագիտական խալյավշչիկներին ու կավատներին: Թող մտածեն, թե ինչու են մնացել այս խաժամուժի հույսին:
Աղբյուր՝ lragir.am
Բաժին: Մամուլ