Անարգանքի սյունին պետք է գամել ցանկացած նման բան քարոզողին
Մեր զրուցակիցն է ԱԺ անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը Պարոն Մարուքյան, անդրադառնալով Հայաստանը Ռուսաստանի կազմում ընդգրկելու մասին Անդրանիկ Նիկողոսյանի արած հայտարարությանը՝ երեկ դիմել եք ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանին՝ պահանջելով զրկել Անդրանիկ Նիկողոսյանին ՀՀ ԱԺ պատվո մեդալից: Ինչո՞վ եք պայմանավորում Հայաստանի ինքնիշխանության դեմ ուղղված նման հայտարարությունների առկայությունը: Կարո՞ղ էր արդյոք Անդրանիկ Նիկողոսյանը ՌԴ իշխանությունների կարծիքից դուրս հայտարարություն անել։Կարծում եմ՝ հնարավոր է հաճոյանալու խնդիր լինի և չեմ կարծում՝ Ռուսաստանից նման հայտարարություն անելու պատվեր կա։ Ընդհակառակը, կարծում եմ նման հայտարարություն անելով՝ փորձ են անում արջի ծառայություն մատուցել ՌԴ քաղաքական ղեկավարությանը և այն մարդկանց, ովքեր նման կարծիք ունեն Հարավային Կովկասի երկրների, մասնավորապես ՀՀ-ի մասին։ Ինչ վերաբերում է ժամանակ առ ժամանակ արվող հայտարարություններին, հնարավոր է ոչ միայն հաճոյանալու, այլ նաև ՀՀ քաղաքացիների ինքնիշխանության իմունիտետի ստուգմանն են ուղղված, այսինքն՝ մարդիկ փորձում են ստուգել՝ որքանով է բարձր մեր ինքնիշխանության իմունիտետը, և մեր արձագանքը ինդիկատոր է, որովհետև այդ արձագանքով են նրանք հասկանում՝ մենք ինքնիշխանության իմունիտետ ունե՞նք, թե պատրաստ ենք մեր ինքնիշխանությունը զիջելու, միավորվելու, մտնելու ինչ-որ տեղեր։Մյուս կողմից, եթե որևէ քաղաքացի, որը չի զբաղվում հասարակական-քաղաքական գործունեությամբ, նման կարծիք արտահայտի, ես միգուցե քննադատական մոտեցում ունենամ, բայց չդատապարտեմ այդ կարծիքը, բայց ինչ վերաբերում է այնպիսի մարդկանց, ովքեր ՀՀ բարձրագույն պետական իշխանությունների կողմից տաբեր առիթներով, նշված գերատեսչությունների, կամ տվյալ դեպքում ՀՀ օրենսդիր մարմնի՝ ԱԺ-ի կողմից բարձրագույն պատվո մեդալին են արժանանում և հետգայում Հայաստանի տարածքային ամբողջականության, ինքնիշխանության, մեր անկախության դեմ նման հայտարարություններ են անում և նման գաղափարներ են քարոզում, այդ մարդը պետք է գոնե զրկվի նշված պատվո մեդալներից և նման պատվի արժանանալուց։ Երկրորդ՝ նա պետք է նաև հասարակական խարազանման ենթարկվի, անարգանքի սյունին պետք է գամել ցանկացած նման բան քարոզողին և ավելին՝ եթե հնարավորություն կա, նաև քրեական պատասխանատվության ենթարկել։ Մենք Քրեական օրենսգրքում ունենք համապատասխան հոդված, որը միգուցե կոնկրետ պարագայում հնարավոր է մի քիչ այնքան էլ կիրառելի չլինի, բայց մեր երկրում վարվող նման մոտեցում ունեցող քրեական քաղաքականություն ունենք։ Տեսեք՝ քր. օրենսգրքի 301 հոդվածն ասում է՝ իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերը քրեորեն պատժելի են։ Այս մարդու հրապարակային կոչն ուղղված է մեր տարածքային ամբողջականության դեմ, մեր սահմանադրական կարգը բռնի տապալելուն: Չնայած նա ասում է հանրաքվե անենք, և հանրաքվեով որոշենք՝ ուր մտնենք, բայց ամեն դեպքում նա կոչ է անում, որ մեր տարածքային ամբողջականությունը խախտվի, կոչ է անում, որ մեր ինքնիշխանությունը խախտվի, և դա չի կարող առանց վերաբերմունքի մնալ։Ես ինքս իմ վերաբերմունքն արտահայտել եմ այդ ձևով։ Լինելով օրենսդիր մարմնի անդամ, ԱԺ պատգամավոր, ես նախ պահանջում եմ, որ նա զրկվի ԱԺ պատվո մեդալից, իսկ շարունակությունը դեռ կտեսնենք։ Հիմա նաև ուսումնասիրում ենք քերական օրենսգիրքը, և չի բացառվում, որ հաղորդում էլ ներկայացնենք, եթե այս հոդվածի լույսի ներքո հնարավոր լինի նման բան անել։ Իսկ եթե հնարավոր չլինի, ապա օրենսդրական նախաձեռնությամբ հանդես կգանք, քրեական օրենսգրքում փոփոխություններ կկատարենք, որով այսուհետ նման հայտարարությունները կբերեն քրեական պատասխանատվության։ Ցանկացած երկրում նման հայտարարություններ անելը կարող է անձի հետապնդման հիմք հանդիսանալ, բայց Հայաստանում շատ հանգիստ հանդուրժում են։Անդրանիկ Նիկողոսյանն այսօր իր տված հարցազրույցում իր ասածները հիմնավորել է հետևյալ կերպ, թե ինչ կա որ, Հայաստանը արդեն ԵՏՄ անդամ է և այլն։ Այսինքն՝ սրանով նա փաստում է, որ ԵՏՄ անդամակցությունը Հայաստանին հենց վնասեց ինքնիշխանության և ժողովրդավարությա՞ն առումով։ Տնտեսական առումով էլ հունվարից հուլիս ընկած ժամանակահատվածում մենք տեսնում ենք, թե որքանով է նվազել ԵՏՄ անդամ երկրների հետ առևտրաշրջանառությունը։Ես հասկանում եմ ԵՏՄ շրջանակներում նման քարոզ իրականացնելը, որ եթե կողմ ենք եղել ԵՏՄ մտնելուն, ապա պետք է կողմ լինենք նաև Ռուսաստանի Դաշնության կազմի մեջ մտնելուն: Ինչ վերաբերում է ինքնիշխանությանը վնասելուն, ապա այդ մասին խոսվել է նաև ԵՏՄ-ին անդամակցելու քվեարկության և նման քարոզ տանելու ժամանակ, նշվել է, որ նման վտանգ կարող է լինել: Բայց ես չեմ կարծում, որ ԵՏՄ պայմանագիրը կամ որևէ այլ կառույցի Հայաստանի անդամակցությունը ենթադրում է Հայաստանի՝ որևէ այլ երկրի կազմի մեջ մտնելու գործընթաց: Դա պարզապես հիվանդ երևակայության արդյունք է, և այդ արդյունքը մարդիկ փորձում են իրենց հարցազրույցներով, հայտարարություններով տարածել և ստուգել հասարակության մեջ եղած կարծիքները նշված մոտեցման վերաբերյալ: Ակնհայտ է, որ նման հայտարարությունները բուռն բացասական են ընդունվում: Կարծում եմ՝ մենք չպետք է թույլ տանք, որ մեր իմունիտետը անգամ մեր մտածողության մեջ փորձեն ստուգել, որովհետև սա դրան միտված գործողություն է:Ձեր կարծիքով, այս ամենի արձագանքն ինչպիսի՞ն կլինի՝ հաշվի առնելով երկրի իշխանությունների ու ՀՀԿ-ի վերաբերմունքն այդ անձի նկատմամբ, որին բազմաթիվ մեդալներ են շնորհվել:Ես կոչ եմ արել իմ գործընկերներին նույնպես միանալ իմ պահանջին: Կարծում եմ՝ մինչև ԱԺ սեպտեմբերյան նստաշրջանի սկիզբը պատգամավորները կմիանան այս կոչին: Մենք պետք է առաջին հերթին պահանջենք, որ նա զրկվի պատվո մեդալից: Հայաստանի Հանրապետության օրենսդիր մարմնի պատվո մեդալը, իսկ օրենսդիր մարմինը ՀՀ անկախության, ինքնիշխանության ատրիբուտ է, չպիտի տրվի այդ մարդուն, նա չպիտի նման պատվի արժանանա, քանի որ դեմ է նման ատրիբուտ ունենալուն, անկախություն ունենալուն:Այսինքն` կարծում եք՝ այլ ընդդիմադիր պատգամավորներ ևս կմիանա՞ն Ձեր նախաձեռնությանը և կհաջողվի Նիկողոսյանին զրկե՞լ մեդալից: Չէ՞ որ ընդդիմադիր պատգամավորները ևս ԵՏՄ-ի անդամակցությանը կողմ են արտահայտվել:ԵՏՄ-ին անդամակցությունը մի բան է, Հայաստանի անկախության, տարածքային ամբողջականության դեմ ոտնձգություն կատարելը՝ այլ բան: Ես չեմ կարծում, որ անգամ այն մարդիկ, որոնք կողմ են ԵՏՄ անդամակցությանը, կարող են համաձայնել անկախությունը զիջելու կարծիքի հետ:
Աղբյուր՝ lragir.am
Բաժին: Հարցազրույցներ, Մամուլ