Ոչ միայն ԱԱԾ-ն, այլեւ բոլոր պետական մարմինները պետք է միայն իրենց գործով զբաղվեն

24/09/2015

Ազգային ժողովի անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանն աննախադեպ է համարում Ժառանգություն խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի հայտարարության վերաբերյալ Ազգային անվտանգության ծառայության կողմից օրերս տարածված հաղորդագրություն-սպառնալիքը՝ նշելով, որ նախկինում նման դեպք չի եղել:Հիշեցնենք, որ Ազգային ժողովում Սահմանադրական փոփոխությունների նախագծի քննարկման ժամանակ Զարուհի Փոստանջյանն իր ելույթում ժողովրդին համախմբվելու, փողոց դուրս գալու կոչեր էր արել՝ հայտարարելով. «Պիտի տապալենք և Սերժ Սարգսյանին, և Հանրապետական կուսակցությունը, պետք է անցնենք Նալբանդյան փողոցով, քանդենք այնտեղի «Բաստիլը»՝ ԱԱԾ, ԿԳԲ, ՆԿՎԴ․․․ »:ԱԱԾ-ն ի պատասխան այս հայտարարության սպառնացել էր պատգամավորին՝ նշելով. «Ցանկացած նման կոչ, առավել ևս գործողություն կատարելու փորձ կկանխվի ՀՀ ազգային անվտանգության ծառայության տրամադրության տակ եղած բոլոր օրինական միջոցներով»:Էդմոն Մարուքյանի խոսքով՝ խնդիրը պետք է դիտարկել իրավական պրիզմայով: «Իսկ իրավական տեսանկյունից սահմանադրությամբ պատգամավորի արատահայտած, առավել ևս Ազգային ժողովում արտահայտած կարծիքը բարձր պաշտպանվածխության տակ է գտնվում, և պատգամավորը չի կարող որևէ հետապնդման ենթարկվել իր արտահայտած կարծիքի համար: Միայն երկու բացառություն կա, եթե դա զրպարտություն կամ վիրավորանք է դիտարկվում: Մնացած բոլոր դեպքերում պատգամավորի արտահայտած կարծիքը որևէ հետապնդման առարկա չի կարող դառնալ: Սա ամենակարևոր առանցքային ու անկյունաքարային հարցն է, որը պետք է այստեղ արձանագրվի, և ապագայի համար պետք է կանխարգելել, որ որևէ անգամ նման դեպք չլինի»,- ասաց Մարուքյանը:Նա հիշեցնում է, որ Հայաստանում ուժային կառույցներն ապաքաղաքական են և գտնվում են քաղաքացիական վերահսկողության տակ: Հետևաբար, այս կառույցները չեն կարող որևէ կերպ միջամտել քաղաքական խնդիրներին և փորձել որևէ ազդեցություն ունենալ այդ գործընթացների վրա:«Դրա համար ես կարծում եմ, որ նման հաղորդագրություններ տարածելն անընդունելի է, դա մեր երկրի միջազգային հեղինակությունը կարող է վատ վիճակում դնել»,- ասաց նա:Միաժամանակ պատգամավորը նշեց, որ եթե Փոտսնջյանի հայտարարությունում զրպարտանք կամ վիրավորանք է եղել, դրա համար գոյություն ունեն համապատասխան ընթացակարգեր: Ով զրպարտվել է այդ հայտարարության արդյունքում, ով վիրավորվել է, նա պետք է դիմի դատարան:«Ես չեմ կարող ասել, դա վիրավորական է ինչ-որ մեկի համար կամ զրպարտչական բան կա դրանում, թե ոչ: Դրա հիման վրա մարդը կարող է դիմել դատարան, անկախ պատգամավորական անձեռնմխելիությունից դատական ընթացակարգերով կարող է քաղաքացիա-իրավական մասով պատասխանատվության ենթարկվել: Ինչ վերաբերում է քրեա-իրավական պատասխանատվությանը, նման հարց ընդհանրապես չի կարող բարձրացվել: Նման հարց բարձրացվելու պարագայում բոլորիս համար ակնհայտ է, որ սկսելու է գործել պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու ինստիտուտը՝ իր համապատասխան հետևանքով»,- ասաց Մարուքյանը:Անդրադառնալով հարցին, թե արդյոք նման գործելաոճով ԱԱԾ-ն փորձում է  վախեցնե՞լ  ընդդիմադիր պատգամավորներին, Մարուքյանը պատասխանեց. «Ես չեմ կարծում, որ դրանով որևէ մեկը կարող է լռել կամ վախենալ, Հայաստանն այդ երկիրը չէ»:Ըստ նրա՝ ոչ միայն ԱԱԾ-ն, այլ բոլոր պետական  մարմինները պետք է միայն ու միայն իրենց գործով զբաղվեն: Ինչպես Սահմանադրությամբ է ամրագրված, պետական մարմիններն ու պաշտոնատար անձինք կարող են անել այն ամենն, ինչի համար օրենքով իրավասություն ունեն:«Իսկ քաղաքացիներն էլ կարող են անել այն, ինչ արգելված չէ օրենքով: Իրավական պետության համար կարևոր այս մի քանի սկզբունքները եթե պահպանվեն, մենք նման խնդիրներ երբեք չենք ունենա»,- ասաց նա:

 

Աղբյուր՝ lragir.am

Բաժին: featured, Հարցազրույցներ, Մամուլ