«Եթե անգամ մի ԶԼՄ էլ ասի, որ սա մահակ է մեր գլխին, ես իմ ստորագրությունը հետ կկանչեմ». Էդմոն Մարուքյան

06/11/2015

Այսօր ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովը քննարկել եւ դրական եզրակացությամբ ԱԺ նիստերի օրակարգ է մտցրել ֆեյքերի մասին աղմկահարույց նախագիծը, որին դեմ էին արտահայտվել լրատվական դաշտի շատ ներկայացուցիչներ՝ գտնելով, որ այն մահակ է՝ ԶԼՄ-ների գլխին: Նախագծի հեղինակները գտնում են, որ վերջին շրջանում լայն տարածում է ստացել  սոցիալական ցանցերում կեղծ օգտատերերի՝ «ֆեյքերի» միջոցով վիրավորանք կամ զրպարտություն պարունակող տեղեկատվության տարածումը, որը խախտում է անձնական եւ ընտանեկան կյանքը հարգելու իրավունքը, արժանապատվության իրավունքը եւ այլն: Ուստի անհրաժեշտ է պատասխանատվություն սահմանել այն լրատվամիջոցների նկատմամբ, որոնք տարածում են կեղծ օգտատերերի հրապարակումները եւ վիրավորական մեկնաբանությունները: Հիշեցնենք, որ այս նախագծի հետ կապված հանձնաժողովը անցյալ տարի խորհրդարանական լսումներ էր հրավիրել, որի արդյունքում հեղինակները հանել էին մեծ դժգոհությունների տեղիք տված ձեւակերպումը. «Տեղեկատվության հեղինակը համարվում է անհայտ, եթե շահագրգիռ անձը, գործադրելով ողջամիտ ջանքեր, չի կարող նույնականացնել հեղինակին՝ անկախ այն հանգամանքից, թե որտեղ է տեղ գտել վիրավորանք կամ զրպարտություն պարունակող տեղեկատվությունը»: Այսօր հանձնաժողովի նիստի ժամանակ նախագիծը ներկայացրել է համահեղինակ Էդմոն Մարուքյանը: Aravot.am-ի հետ զրույցում պարոն Մարուքյանն ասաց. «Եվրոդատարանի վճռին էինք սպասում, որ տեսնենք՝ Եվրոդատարանը հակառա՞կ որոշում է կայացնելու, թե՞ չէ: Բայց տեսանք, որ Եվրոդատարանի վճիռն ավելի խիստ է եւ սահմանում է, որ անկախ նրանից՝ դու կարող էիր մոդերացիա անել, թե չէ, եթե մտել են եւ քո նյութի տակ վիրավորել են, մոդերացիան պետք է ոչ թե ավտոմատ անես, այլ մարդկային գործոնով: Մտնես նայես, հատ առ հատ վիրավորանքը ջնջես: Առավել եւս, եթե բողոքում են, ասում են հանիր, չես հանում՝ ամբողջ պատասխանատվությունը քո վրա է: Մենք ավելի թույլ տարբերակ ենք առաջարկում, բայց դեռ պիտի քննարկենք լրատվական դաշտի հետ, դա օրակարգ մտցրեցինք, որպեսզի դուրս չմնա նախագիծը, նորից այդ գործընթացներով չանցնենք»: Մենք ճշտեցինք, եթե նյութը տարածվում է ֆեյսբուքում եւ այդ նյութի տակ վիրավորական մեկնաբանություններ են գրում, դրա՞ համար էլ է ԶԼՄ-ն պատասխանատու, թե՞ միայն իր էջում՝ Էդմոն Մարուքյանը պատասխանեց. «Մենք հիմա ոչ մի բան չենք առաջարկում, ուղղակի որպեսզի նախագիծը դուրս չմնա, հին տարբերակը ներկայացվել է, հետո ԶԼՄ-ները կառաջարկեն, թե իրենք ոնց են տեսնում խնդրի լուծումը: Քննարկումները դեռ պետք է արվի: Եթե անգամ մի ԶԼՄ էլ խոսա ու ասի, որ սա մահակ է մեր գլխին, ես իմ ստորագրությունը հետ կկանչեմ այդ նախագծի տակից: Ուղղակի այսօր մենակ ես կարող էի զեկուցել, զեկուցեցի, որ դուրս չմնա, մտնի մեծ օրակարգ: Բովանդակային քննարկում դեռ չի եղել»: Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Աղբյուր՝ aravot.am

Բաժին: featured, Հարցազրույցներ, Մամուլ, Օրենսդրական նախաձեռնություններ