ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԿՎԵՐԱՆԱՅԻ˚ ԼՈՒԾԱՐՎԱԾ ՀԿ-ՆԵՐԻ ՑԱՆԿԸ

12/10/2012

Արդարադատության նախարարությունը պետք է վերանայի «2008 թվականի Հունվարի 1-ի դրությամբ հարկային հաշվետվություններ չներկայացրած կազմակերպությունները լուծարելու և անհատ ձեռնարկատերերին պետական հաշվառումից հանելու մասին» ՀՀ օրենքը և վերականգնի նրան իրավաբանական անձի կարգավիճակը: Իրավաբան.net-ի հետ զրույցում այս կարծիքը հայտնեց ԱԺ անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը:

«Հասարակական կազմակերպություններին պետք չէ այլ կազմակերպությունների, անհատ ձեռներեցների, ՍՊԸ-ների հետ նույնացնել, որովհետև միավորումների ազատությունը ձեռնարկատիրական գործունեության մասին չէ»,- ասաց պատգամավորը:

Վերջերս Էդմոն Մարուքյանին են դիմել լուծարված կազմակերպություններից 10-ը և դրանց թիվը գնալով ավելանում է(ըստ Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանի ԱԺ-ում ունեցած ելույթի` լուծարված ՀԿ-ների թիվը 600-700 է), որպեսզի իրենց գործող ՀԿ-ի լուծարման հարցը քննարկի ԱԺ-ում:

«Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալությունն այդ գործողությամբ խախտել է «Հասարակական կազմակերպությունների մասին» օրենքի 20-րդ հոդվածի 3-րդ մասը, որի համաձայն՝ կազմակերպության հարկադիր լուծարման մասին որոշում կարող է ընդունել միայն դատարանը` պետական լիազորված մարմնի պահանջով և միայն օրենքով սահմանված հիմքերի առկայության դեպքում»,- նշեց Էդմոն Մարուքյանը:

Նրա խոսքով` եթե գործը դատարան հասի, ապա որպես փաստարկ կարող է ներկայացվել նաև «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքը և այն դրույթը համաձայն որի` միևնույն մարմնի նոր ընդունած իրավական ակտը չպետք է հակասի նախկինում ընդունված և ուժի մեջ մտած հավասար իրավաբանական ուժ ունեցող իրավական ակտերին: Միևնույն մարմնի ընդունած հավասար իրավաբանական ուժ ունեցող իրավական ակտերի միջև հակասությունների դեպքում գործում են ավելի վաղ ուժի մեջ մտած իրավական ակտի նորմերը:

«Միավորումներ կազմելու ազատությունը բացարձակ իրավունք չէ: Այն կարող է սահամանափակվել, բայց միայն կոնվենցիայով նախատեսված նպատակների համար: Տվյալ պարագայում հաշվետվություն չներկայացնելը չի կարող լինել կոնվենցիայի նպատակներից մեկը, որի համար պետք է սահմանափակել միավորումներ կազմելու իրավունքը»,- տեղեկացրեց Էդմոն Մարուքյանը:

Նրա փոխանցմամբ` իրեն դիմած ՀԿ-ներից ոչ մեկն իրենց ՀԿ-ների լուծարման մասին գրավոր ծանուցում չի ստացել: Արդարադատության նախարարը ԱԺ-ում ելույթի ժամանակ հայտնեց, որ լուծարված կազմակերպությունների ցանկը տեղադրված է եղել azdarar.am կայքում:

Դրան ի պատասխան պարոն Մարուքյանը կարծում է, որ ՀԿ-ները պարտավոր չեն ամեն օր մտնել այդ կայքը և հետևել` հնարավոր է իրենց ՀԿ-ի մասին էլ ինչ- որ բան լինի գրված:

Խնդիրը ԱԺ-ում բարձրաձայնելուց հետո` պատգամավորը Հրայր Թովմասյանին է փոխանցել իրեն դիմած գործող հասարակական կազմակերպությունների ցանկը: Նախարարը խոստացել է այդ ցանկը ևս մեկ անգամ վերանայել: ԱԺ պատգամավորի խոսքով` չի բացառվում, որ հարկային ծառայությունն է մասամբ սխալ տեղեկատվություն տվել Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալությանը:

Էդմոն Մարուքյանի, ելնելով ՄԻԵԴ-ի միավորումներ կազմելու ազատության վերաբերյալ կայացրած նախադեպային որոշումներից, կարծում է, որ եթե այս գործը հասնի ՄԻԵԴ, ապա Հայաստանի Հանրապետությունը պարտվելու է:

Նյութը պատրաստելու ժամանակ չստացվեց թեմայի վերաբերյալ լսել Արդարդատության նախարարի փոխնախարարներից որևէ մեկի կարծիքը, սակայն պատրաստ ենք հրապարակել նաև նրանց տեսակետը:

Նունե Հովսփյան

Աղբյուրը` Իրավաբան.net

Բաժին: Մամուլ