«Այսինքն, ո՞ւմ եք ուզում տանեք զոհվի». Էդմոն Մարուքյանը՝ Փոստանջյանի դիմադրության ճակատի եւ զենքով հարց լուծելու մասին

15/05/2017

«Երկիր Ծիրանի» կուսակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը ընտրությունների օրը հայտարարեց, որ դիմադրության ճակատ պետք է ստեղծել ու եթե իշխանությունները հումանիտար ճանապարհով չեն ուզում հեռանալ, ապա իրենք այլ ճանապարհով կանցնեն եւ բոլորին կտանեն բանտախցեր: «Առավոտը» «Ելք» դաշինքի պատգամավոր Էդմոն Մարուքյանին հարցրեց՝ Դուք Հայաստանում դրա հնարավորությունը տեսնո՞ւմ եք: Նա պատասխանեց. «Զարուհի Փոստանջյանը լավ կլիներ 470 տեղամասերում վստահված անձ ունենար: Այսինքն, էլի գալիս ենք հին ընդդիմության խնդիրներին ենք բախվում, եթե դուք 474 տեղամասում վստահված անձ չեք կարողանում դնել եւ ամբողջ բեռն ընկնում է «Ելք» դաշինքի վրա, «Ելք» դաշինքը պահում է նաեւ ձեր ձայները, ի՞նչ ապստամբություն, դիմադրության ճակատ: Թող դիմադրեն, ի՞նչ խնդիր կա, ես ողջունում եմ»: Էդմոն Մարուքյանը գտնում է, որ սա հումանիտար ճանապարհ չի, ինչպես ներկայացնում է Փոստանջյանը. «Սա ամենաճիշտ ճանապարհն է: Գիտեք, ժողովրդավարությունը ամենալավ կառավարման ձեւը չէ, բայց դեռ դրանից լավը չի ստեղծվել, ինչպես ասում է Չերչիլը: Մենք այն մյուս ճանապարհը, ինչի մասին ինքը խոսում է, մենք դա տեսել ենք: Այնպես որ, դա ոչ մի տեղ տանող ճանապարհ է: Մենք մեր ուղին ունենք, մենք մեր ուղին բռնած գնում ենք»: Հարցին՝ Դուք ուժի միջոցով իշխանություն վերցնելուն դե՞մ եք՝ Էդմոն Մարուքյանը պատասխանեց. «Ուժի միջոցով վերցրած իշխանությունը ուժի միջոցով էլ կտապալվի: Ուժի միջոցով վերցրած իշխանությունը չի կարող իր արմատներում ունենալ մարդու իրավունքների, իրավունքի գերակայության, ժողովրդավարության գաղափարախոսությունը: «Ելք» դաշինքի առանցքում ընկած են համամարդկային արժեքները»: Հարցին՝ Դուք էլ ասացիք, որ ուժի միջոցով եկած իշխանությունը ուժի միջոցով կտապալվի եւ հենց այդ արտահայտությունն այսօր պտտվում է սոցցանցերում այն առումով, որ այս իշխանությունը եկել է Մարտի 1-ով՝ ուժի միջոցով եւ արյունով, հետեւաբար ուժի միջոցով էլ պետք է հեռանա՝ Էդմոն Մարուքյանն արձագանքեց. «Իսկ այդ կոչ անողն ո՞ւմ արյունն է ուզում թափի: Ես ամեն նման կոչ անողի հարց ունեմ՝ ինքը պատրաս՞տ է մեռնի, առաջին զոհը ինքը պատրա՞ստ է լինել այդ հեղափոխության, եթե հա, ուրեմն թող գնա գլխավորի: Այսինքն, ո՞ւմ եք ուզում տանեք զոհվի, ես ուզում եմ հասկանալ: Ընդհանրապես Հայաստանում, ինձ մոտ տպավորություն կա, որ մարդիկ ուզում են իրենց տանը դիվանին նստած, ֆեյսբուքում նստած՝ ինչ-որ մարդկանց ուղարկեն, որ զոհվի իր համար, ինքը վայելի արդյունքները: Հիմա «Ելք» դաշինքն իր վստահված անձերով ամեն ինչ արեց, այդ զոհվելուն էլ գնաց: Իրենց մնում էր իրենց դիվանից վեր կենալ, log out լինել ֆեյսբուքից, գնալ ձայն տալ, փոխել իրավիճակը: Հիմա չեն արել՝ ի՞նչ արյուն»: Զարուհի Փոստանջյանի դիմադրության ճակատի, իշխանությունների դեմ ապստամբության եւ զենքի միջոցով հարց լուծելու մասին Նիկոլ Փաշինյանի գնահատականները կարդացեք «Առավոտի» վաղվա համարում:

Հռիփսիմե Ջեբեջյան

Աղբյուր՝ aravot.am

Բաժին: featured, Հարցազրույցներ, Մամուլ