Էդմոն Մարուքյանը դիմել է Տիգրան Սարգսյանին՝ ԵԱՏՄ համաձայնագրի խախտման հարցով
ՀՀ ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը գրությամբ դիմել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանին։
Նշված հաղորդագրության մեջ մասնավորապես իմ կողմից բարձրացվել են Ռուսաստանում Հայաստանի քաղաքացիների իրավունքների ոտնահարման և ԵԱՏՄ համաձայնագրի խախտման վերաբերյալ մի շարք հարցեր․
ընթացիկ տարվա հունիսի 1-ից ՌԴ-ում գործում է օտարերկրյա /այդ թվում՝ ՀՀ/ վարորդական իրավունքներով ձեռնարկատիրական և աշխատանքային գործունեության իրականացման արգելք, ինչը հակասում է ԵԱՏՄ աշխատուժի ազատ տեղաշարժի սկզբունքին,
չնայած ԵԱՏՄ շրջանակներում քաղաքացիների և աշխատուժի ազատ տեղաշարժի իրավունքի սկզբունքին՝ 3 վարչարարական խախտման դեպքում իրականացվում են ՌԴ տարածքից ՀՀ քաղաքացիների դեպորտացիաներ, Ռուսաստանում օտարերկրյա քաղաքացիների կացությանը վերաբերող` ՌԴ սուբյեկտներում գործող մի շարք օրենքներ հակասում են դաշնային օրենքներին,
ՌԴ–ից ՀՀ ապրանքների և ծառայությունների արտահանման ժամանակ գործում են ֆինանսական սահմանափակումներ,
ՌԴ–ում ԵԱՏՄ արտադրության ապրանքների ազատ շրջանառությունը որոշ չափով սահմանափակված է և ունի չկանոնակարգված ընթացակարգ, ինչը վերաբերում է նաև ՀՀ ոսկերչական հարգադրոշմերի ճանաչմանը,
ԵՄ–ից, ԱՄՆ–ից և Թուրքիայից Ռուսաստան մի շարք պարենամթերքների ներմուծման արգելքի պատճառով ՌԴ մաքսատան կողմից իրականացվում են հայկական բեռների ստուգումներ, ինչը հակասում է ԵԱՏՄ շրջանակներում ապրանքների ազատ տեղաշարժի սկզբունքին ու խոչընդոտում արտահանման զարգացմանը։
Վերոնշյալ փաստերի ու ԵԱՏՄ համաձայնագրի խիստ անհամապատասխանությունն իմ կողմից հիմնավորվել է նույն համաձայնագրի համապատասխան դրույթների մեջբերմամբ։
Իմ կողմից Տիգրան Սարգսյանին առաջարկվել է ձեռնարկել գործուն քայլեր՝ համաձայնագրի կիրարկումն ապահովելու և ՀՀ քաղաքացիների շահերը պաշտպանելու ուղղությամբ։
ՀՀ ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյան
Աղբյուր՝ a1plus.am