Պատգամավորը կամուրջ ու խողովակ է քաղաքացու և պետական տարբեր ինստիտուտների միջև․ ԼՀԿ-ի քարոզարշավը՝ Պառավաքարում
Դեկտեմբերի 9-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին մասնակցող «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը քարոզարշավի 7-րդ օրը Տավուշի մարզի Պառավաքար համայնքում է՝ ԼՀԿ նախընտրական ցուցակի առաջին համար Էդմոն Մարուքյանի գլխավորությամբ։
Մարուքյանի խոսքով՝ մարզերի բնակիչներն իրենց «հող ու ջրի» մարդուն պետք է ձայն տան, որպեսզի համայնքների խնդիրներին քաջածանոթ անձը դառնա պատգամավոր և կարողանա խնդիրներին լուծում տալ։
«Պատգամավորը կամուրջ է, խողովակ քաղաքացու և պետական տարբեր ինստիտուտների միջև, որը քաղաքացիներից հավաքած խնդիրները դարձնում է նախագծեր ու առաջարկություններ։ Ես կառավարությունների բազմաթիվ որոշումների վրա եմ ազդել իմ առաջարկներով»,- ասաց Մարուքյանը։
Վերջինը հավաքված քաղաքացիներին կոչ արեց դեկտեմբերի 9-ին իրենց ձայն տալ, և հետագայում էլ հենց իրենցից պահանջել խնդիրների լուծումը։ Ըստ նրա՝ իրենց ծրագրում առաջադրված յուրաքանչյուր կետի համար իրենք պատասխանատու են։
Քաղաքացիները Մարուքյանի մոտ բարձրաձայնեցին երիտասարդների զբաղվածության խնդիրը՝ նկատելով, որ երիտասարդ սերունդը գյուղում աշխատանք չունի։ Դժգոհություն կար նաև վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի կադրային քաղաքականությունից։
«Էն ժամանակ Սերժն էր ու իր շրջապատը, հիմա էլ ինքն է ու իր շրջապատը։ Ասում են՝ հեղափոխության ժամանակ եկել է ձենա ածել, է, ձեն ա ածել, բայց հողագործ ա, թող հողագործ նշանակեն, ոչ թե դիվանագետ»,- դժգոհեց պառվաքարցին։
Էդմոն Մարուքյան էլ արձագանքեց՝ ասելով, թե մտահոգության հետ համակարծիք է, և վստահեցրեց, որ իրենք կադրերը պրոֆեսիոնալներ են։
Հիշեցնենք, որ ՀՀ ԱԺ արտահերթ ընտրությունները կկայանան դեկտեմբերի 9-ին, առաջադրված է 11 ուժ, իսկ քարոզարշավի համար տրամադրված է 12 օր։
Բաժին: featured, Մամուլ, Նախընտրական նյութեր