Ես ամեն ինչ միանգամից մերժելուն դեմ եմ. Էդմոն Մարուքյանը` Սահամանդրական բարեփոխումների մասին

21/10/2014

ԱԺ անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը, Tert.am-ի հետ զրույցում անդրադառնալով Սահամանդրական բարեփոխումներին, նշեց, որ դրական փոփոխություն է համարում կառավարման համակարգի փոփոխությունը, եթե այն լինի բովանդակային:
«Եթե անցում կատարվի բովանդակային խորհրդարանական համակարգի, դա, բնականաբար, շատ դրական փոփոխություն կլինի, սակայն քանի որ դեռ պարզ չէ, թե ինչպես է դա արվելու, ես չեմ կարող ասել: Կարող է փոխվի այնպես, որ ավելի վատ լինի, քան այսօրվա կիսանախագահականը»,-ասաց նա:
Ինչ վերաբերում է ընդդիմության այն հատվածին, որ ընդհանրապես հրաժարվում է մասնակցել Սահմանադրական բարեփոխումների քննարկմանը, պատգամավորն ասաց.«Դա իրենց մոտեցումն է, յուրաքանչյուր քաղաքական ուժ իր դիրքորոշումն ունի: Ես ամեն ինչ միանգամից մերժելուն դեմ եմ, կարծում եմ, որ եթե ինչ-որ բան դեպի լավը փոխելու հնարավորություն ստեղծվի, պետք է այդ հնարավորությունը օգտագործել, սակայն այդ հնարավորությունը կա թե չկա՝ ցույց կտա կյանքը»,-ասաց նա:

 

Էդմոն Մարուքյանը նշեց, որ դեռևս խորությամբ չի ուսումնասիրել հայեցակարգը և նախատեսված փոփոխությունների վերաբերյալ գնահատականներ չի կարող տալ: «Եթե ես՝ որպես մասնագետ, հարմար գտնեմ մասնակցել այդ քննարկումներին, կմասնակցեմ, ավելին` առաջարկներ կներկայացնեմ, եթե տեսնեմ՝ չկա այդ հնարավորությունը՝ որևէ բան փոխելու, ապա ես նույնպես կմերժեմ: Այս փուլում դեռևս ինձ համար որևէ բան պարզ չէ, ուստի գնահատականներ չեմ կարող տալ»,-նշեց նա:

 

Աղբյուր՝ tert.am

Բաժին: featured, Հարցազրույցներ, Մամուլ