«Մարդիկ օրը ցերեկով ոնց ուզել, այնպես էլ թալանել են»

07/04/2015

ԱԺ-ում Գազի հանձնաժողովի հաշվետվության քննարկմանը անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը նկատում է, որ հանձնաժողովի 4-րդ խմբի աշխատանքները կիսատ են մնացել, իսկ եթե 4-րդ խումբն էլ շարունակեր աշխատել, ապա իրենք ձեռքի տակ կունենային լիարժեք փաստաթուղթ։
«Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով մենք, ըստ էության, չունենք, այն իր տեղում չի գտնվել։ Ձեր այդ զեկույցը ՔՕ-ով արգելված տարբեր արարքների, տարբեր հանցագործությունների մասին տեղեկատվություն է։

ԳազպրոմԱրմենիան ինչ ներդրումներ ասես, թե չի արել, որոնք կորուստների նվազեցմանը միտված չեն եղել, որը փաստում է նաև ձեր զեկույցը, ավելին՝ նվազեցրել են հարկերը, և այդ մեխանիզմի կիրառությունը ևս երևում է զեկույցում, սակագնի մեջ ինչ անհիմն ծախս ասես, թե չեն մտցրել, որը չպետք է մտցնեին,
2010-2012 թ-ին կորուստների կրճատման համար ներդրումներ չեն արել և այլն։
Այսինքն՝ մարդիկ օրը ցերեկով ոնց ուզել, այնպես էլ թալանել են»,- շեշտեց Էդմոն Մարուքյանը։

Վերջինիս հարցն ուղղված ՀՀԿ խմբակցության պատգամավոր և այդ հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանին՝ այսպիսին էր.
«Այդ հանձնաժողովի գործունեության արդյունքում արդյո՞ք այդ հանձնաժողովը պատասխանատվության ենթարկելու հարց բարձրացվելու է, թե ոչ, արդյո՞ք այս զեկույցն ուղարկվելու է գլխավոր դատախազություն, թե ոչ, ինչպես նաև նախորդ քառօրյային դուք նշել էիք, որ ներտնային գազի սպասարկման համար այդ համակարգը, որը մոնոպոլիզացված է և ծայրահեղ բողոքներ կան այդ համակարգի հետ կապված, դա դուք առաջարկում եք որպես հանձնաժողով ներդնել Գազպրոմի գազի մատակարարման հիմնական ծառայության մե՞ջ»։

Վարդան Այվազյանը նախ հակադարձեց ՀԾԿՀ չունենալու հետ կապված մտքին ։ Նրա խոսքով՝ հանձնաժողովը մեկ տարվա ընթացքում կատարել է տիտանական աշխատանք, թեև կան օրենսդրական շատ բացթողումներ։ Զեկույցի հիման վրա հանցագործության մասին գլխավոր դատախազությանը հաղորդում տալու հետ կապված Վարդան Այվազյանը նշեց.
«Զեկույցը դիտարկել որպես հաղորդում, դե մենք հիմա դա հրապարակում ենք, եթե գլխավոր դատախազությունը կցանկանա դիտարկել սա որպես հաղորդում, ապա թող բարի լինեն վերցնեն, ԱԺ-ի ամբիոնից էլ ինչ հաղորդենք»,-ասաց նա։ Անդրադառնալով նաև գազի ներտնային ծառայության կարգավորմանը՝ Վարդան Այվազյանը նշեց, որ դա գազամատակարարման անվտանգության բաղկացուցիչ մասն է և չի կարող որպես առանձին ծառայություն դիտարկվել։

Աղբյուր՝ a1plus.am

Բաժին: featured, Մամուլ