Մարուքյան. Կանանց ներգրավվածությունը քաղաքական գործընթացներին պետք է երաշխավորված լինի օրենքով

19/10/2015

ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը հայտարարություն է տարածել, որով տեղեկացնում է, որ այսօր շրջանառության մեջ է դրել «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որի ներկայացման համար հիմք են ծառայել հետևյալ հանգամանքները.

«Հայաստանի Հանրապետության 5-րդ գումարման Ազգային ժողովում կին պատգամավորները 13-ն են, ինչը կազմում է խորհրդարանի 9.92%-ը, մինչդեռ համաձայն Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 108-րդ հոդվածի 2-րդ մասի և 155-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ պարբերության՝ կուսակցությունների նախընտրական ցուցակներն այնպիսի սկզբունքով են կազմվում, որ կանայք դրանցում առնվազն 20% մասնակցություն ունեն: Այսինքն, պատգամավորի կին թեկնածուների կեսից ավելին մանդատը զիջում է տղամարդկանց՝ ինքնաբացարկի մասին դիմում ներկայացնելու միջոցով, ինչով կանանց մասնակցությունն օրենսդիր իշխանությունում ընթացող քաղաքական գործընթացներին դառնում է ֆորմալ կամ սիմվոլիկ բնույթ կրող երևույթ:

Հայաստանի քաղաքական համակարգի սխալ ձևավորված ավանդույթ է դարձել կին թեկնածուներով կուսակցության ընտրական ցուցակի համալրումը և այնուհետև, կուսակցության խորհրդարան անցնելու պարագայում, կանանց կողմից ինքնաբացարկի դիմում ներկայացնելը և մանդատը հաջորդող համարներում գտնվող պատգամավորի տղամարդ թեկնածուներին փոխանցելը:

Այսպիսով, սույն նախագիծը նպատակ ունի այս արատավոր պրակտիկան օրենքի ուժով արգելելը, ինչպես նաև որպեսզի բոլոր այն դեպքերում, երբ կին պատգամավորն այլ պաշտոն է ստանձնում կամ հրաժարվում է մանդատից պատգամավորական գործունեության իրականացման ընթացքում, կրկին նրա մանդատը փոխանցվի ընտրական ցուցակում ընդգրկված հաջորդ կին թեկնածուին: Այսինքն, խորհրդարանում կպահպանվի կուսակցության ընտրական ցուցակով ձևավորված՝ կանանց և տղամարդկանց միջև համամասնությունը:

Ներկայացված նախագծի ընդունմամբ հնարավոր կլինի պահպանել համամասնական ընտրակարգով ընտրված կանանց տեղերը կանանց համար»:

Աղբյուր՝ aysor.am

Բաժին: featured, Մամուլ, Օրենսդրական նախաձեռնություններ