Կուզենայի, որ կարողանայինք ԵՄ հետ մեր ձեռքբերումները ճիշտ գնահատել

16/10/2015

Հարցազրույց ԱԺ անկախ պատգամավոր ԷԴՄՈՆ ՄԱՐՈՒՔՅԱՆԻ հետ

ԵՄ խորհրդի կողմից Եվրոպական հանձնաժողովին Հայաստանի հետ բանակցությունների մանդատ տրամադրվեց. սա նշանակում է ԵՄ-ՀՀ հարաբերությունների նոր փուլի մեկնա՞րկ:

-Ոչ այնքան: Սա ես համարում եմ Հայաստանում և Բրյուսելում իրենց ձայնը բարձրացրած այն մարդկանց կոչի հետևանք, ովքեր հավատում են Հայաստանի եվրոպական ապագահին: Այդ ձայներից մեկն էլ իմն էր: Եվ Եվրոմիությունը Հայաստանի առաջ դուռը չփակեց: Բայց որպեսզի չկորցնենք նաև եղած համագործակցության մակարդակը, Եվրոմիությունը գնաց Հայաստանի հետ նոր բանակցություններ սկսելու, նոր երկկողմ փաստաթուղթ ստորագրելու ճանապարհով:

Ասեմ, որ այսօր ԵՄ հետ մեր հարաբերությունները կարգավորվում են 1995-97 թթ. համաձայնագրով, այսինքն` իրավապայմանագրային հիմքը շատ հնացած է: Սակայն այդ տարիներից սկսած մինչ օրս մենք ԵՄ հետ համագործակցության արդյունքում շատ ձեռքբերումներ ենք ունեցել, ինչի իրավապայմանագրային հենքն այսօր բացակայում է: Դա պետք է լիներ Ասոցացման համաձայնագիրը, որը չստորագրեցինք: Եվ քանի որ ձեռքբերումները կան, ուժի մեջ են, դրանք պետք է իրավաբանական ուժ ստանան: Ու դա կլինի նոր ստորագրվելիք փաստաթուղթը, որը կնախանշի Հայաստան-ԵՄ ապագան:

Չմոռանանք նաև այն նամակը, որը մեկմեկու փոխանակեցին ՀՀ նախագահն ու Եվրոմիության հանձնաժողովի ղեկավարը, ուր ասվում է, որ բանակցված և ավարտին հասցված Ասոցացման համաձայնագիրը, Խորը և համապարփակ առևտրի գոտու համաձայնագիրը, կարող են ստորագրվել, եթե իրավիճակն ու հանգամանքները թույլ տան: Այսինքն, այսօր մեր ձեռքի տակ կա ավարտուն փաստաթուղթ, բայց մեր կարգավիճակը` ԵԱՏՄ անդամակցությունը, դա մեզ թույլ չի տալիս:
Լավ է, որ վերջապես բանակցողների խումբը ստացավ իրավապայմանագրային հիմքի մանդատ ու բանակցությունները կսկսվեն:

-Փաստաթուղթը կունենա՞ տնտեսական բաղադրիչ, հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայաստանը մեկ այլ տնտեսական միության` ԵԱՏՄ անդամ է:

-Ոչ: Տնտեսական բաղադրիչ չի լինի, քանի որ առանց ԵԱՏՄ բարձրագույն մարմինների թույլատրության մենք չենք կարող տնտեսական խնդիրների շուրջ բանակցություն վարել և ինչ-որ հարցեր համաձայնեցնել եվրոպական կողմի հետ: Բանակցություններ կարող ենք վարել այն շրջանակներում, որոնք չեն հակասի ԵԱՏՄ-ում Հայաստանի ստանձնած պարտավորություններին:

Այսինքն, հստակ քաշված են <կարմիր գծեր>` ի՞նչ կարող ենք անել, ինչը` ոչ: Հիմա պետք է տեսնել, թե կարմիր գծերից այն կողմ ի՞նչ հնարավորություններ կան: Օրինակ, ունենք ազատ երկնքի քաղաքականության մասով Եվրամիության հետ համագործակցության հնարավորություն: Այսինքն, կան հարցեր, որոնք հնարավոր են իրականացնել:

-Նորը որքանո՞վ իր մեջ կներառի Ասոցացման համաձայնագրի դրույթները, ի վերջո, կան տարիների ձեռքբերումներ ու տրամաբանական կլինի այն, որ նոր փաստաթուղթը հիմնված լինի եղածի վրա, որպեսզի նաև որևէ ոլորտում նահանջ չգրանցվի:

-Բանակցությունների ներկայիս փուլից տեղյակ չեմ, բայց կարող եմ ասել հետևյալը: Ենթադրում եմ, որ նոր փաստաթղթում Ասոցացման համաձայնագրից կարող են վերցվել այն կետերը, որոնք վերաբերում են դատական իշխանության զարգացման ծրագրերին, կոռուպցիայի դեմ պայքարին, մարդու իրավունքերի ու հիմնարար ազատությունների պաշտպանության ինստիտուտների զարգացմանը, հանրային կառավարման մեխանիզմների զարգացմանը և այլն, այսինքն, շեշտադրումները կարվեն այս ոլորտների ուղղությամբ, որոնք տնտեսական բաղադրիչի հետ կապ չունեն: Բայց եթե հնարավոր լինի անել ավելին` կլինի ողջունելի: Չնայած հակված չեմ կարծել, որ դա մեզ կհաջողվի, քանի որ պետք է հաշվի առնել մեր ռազմավարական գործընկերոջ տրամադրվածությունը Եվրոպական միության նկատմամբ, ԵՄ երկրների հանդեպ նրա կողմից տարվող պրոպագանդան: Այնպես որ, իրավիճակը շատ բարդ է ու շատ մեծ հաջողությունների հասնելն այնքան էլ սպասելի չէ:

-Համաձա՞յն եք այն դիտարկման հետ, թե ԵՄ-ն արագացրեց Հայաստանի հետ նոր հանաձայնագրի կնքումը` պայմանավորված աշխարհաքաղաքական իրողությունների փոփոխությամբ. վերջին ժամանակներին նկատելիորեն թուլացել է լարվածությունը ՌԴ-ԵՄ հարաբերություններում, սառույցը կարծես կոտրվում է:

-Ես ամենևին այդ կարծիքին չեմ, նման հայտարարություններ կարող են անել նրանք, ովքեր անտեղյակ են գործընթացներից: Իսկ բանակցությունների ներքին խոհանոցին տիրապետողները շատ լավ գիտեն, որ Հայաստանի հետ նոր համաձայնագրի ստորագրման մասին խոսակցությունները գնում էին մինչ Ռուսաստանի Սիրիա մտնելը, խոսվում էր նաև, որ մանդատը կտրվի հենց այս շրջանում: Այսինքն, ժամանակցույցը, որը հայտնի էր մեզ` նույնն է մնացել:

-Չե՞ք կարծում, որ Հայաստանի ԵԱՏՄ անդամակցմամբ սառը ցնցուղ ապրած Արևմուտքի համար, ի վերջո, ընկալելի եղավ մեր <և… և>-ի քաղաքականությունը: Գուցե նաև գիտակցեցի՞ն, որ ճիշտ չէ նախկին խորհրդային երկրների առաջ դնել Արևմուտք կամ Արևելք արհեստական պարտադրանքը:

-Համաձայն չեմ, նման պարտադրանք չի եղել: ԵՄ-ն որևէ Արևելյան գործընկերոջ չի պարտադրել, հակառակը, անգամ այն ժամանակ, երբ մենք կայացրինք ԵԱՏՄ անդամակցման որոշումը, նրանք ասում էին` հարգում ենք ձեր սուվերեն երկրի որոշումը: Մի բան, որը երբևէ չի արել Ռուսաստանը: Եթե ՌԴ մոտեցումը եղել է հետևյալը` մեզ հետ չլինես` քեզ համար վատ կլինին, ապա ԵՄ մոտեցումը այս է` մեզ հետ լինես` քեզ համար լավ կլինի: Այսինքն, եվրոպացիների խոսքում չկա որևէ պարտադրանք: Նրանք ասում են` կա միություն, եթե ցանկանում ես` միացիր, չես ցանկանում` մի միացիր: Այլ բան է, որ միանալով եվրոպական կառույցներին, դու ստանձնում ես պարտավորություններ, որոնք չես կատարող չկատարել, քեզ ասում են կատարիր, որովհետև այս միությունում չեն կարող լինել ստանձնած պարտավարությունները չկատարող պետություններ, չեն կարող լինել խոսքի ազատությունը սահմնափակող, քաղբանտարկյալներ ունեցող, ընտրությունները կեղծիքներով իրականցնող պետություններ: Ասելիքս այն է, որ մեզ չեն պարտադրում դեպի Արևմուտք կողմնորոշվել: Ես ԵԱՏՄ անդամակցման որոշումից` սեպտեմբեի 3-ից անմիջապես հետո, եղել եմ Բրյուսելում, ուր չնայած եվրոպական խորհրդի ներկայացուցիչների մոտ կար շատ խորը հիասթափություն, բայց անգամ այդ դեպքում բոլորը միաձայն ասում էին` ձեր որոշելիքն է, ինչ ուզում եք արեք, բայց մենք էլի մեր դուռը ձեր առաջ բաց ենք պահելու:

-Բայց պետք չէ նաև մոռանալ, որ հենց Արևելյան գործընկերության երկրներից էին հնչում <կամ… կամ>-ի պարտադրանք-պահանջը:

-Այո, նման անզգույշ հայտարարություններ եղան Արևելյան գործընկերության արևելյան մի քանի երկրների կողմից, բայց դա ընդհանուր աղերս չի ունեցել ԵՄ-ի` Բրյուսելի կողմից իրականացվող քաղաքականության հետ: Բանն այն է, որ Արևելյան գործընկերությունում ճիշտ չէին գնահատել իրավիճակը, չէին հասկացել, որ Ռուսաստանը իրենց պատկերացրած փափուկ երկիրը չէ այլևս, որ նա թույլ չի տա, որ իր շահերը վնասվեն: Բայց ասել, թե նրանք պարտադրում էին Արևելյան գործընկերության երկրներին, խեղդում էին, թե եկեք ասոցացվեք` նման բան չկա: Ասոցացման համաձայնագրի ստորագրումից, այդ 500 միլիոնանոց շուկայից, ի վերջո մենք էինք շահելու, ոչ թե իրենք:

Հիմա կուզենայի, որ կարողանայինք մեր ձեռքբերումները ճիշտ գնահատել, եղածը պահպանենք ու փորձենք զարգացման նոր ուղիներ փնտրել: Իմ տեսլականը նույնն է, իմ պատկերացումներում ոչինչ չի փոխվել և ես շարունակում եմ ասել, որ Հայաստանը վաղ թե ուշ դուրս է գալու ԵԱՏՄ-ից ու շարունակելու է իր եվրոպական ինտեգրումը, որովհետև Հայաստանի ապագան եվրոպական մոդելի պետություն լինելն է:

-Քանի որ Ասոցացման համաձայնագրի շուրջ տարիների աշխատանք է կատարվել, պետք է ենթադրել, որ բանակցային գործընթացն այս անգամ երկար չի ձգձգվի, ավելին, դրանք կլինեն առավել դինամիկ: Ի՞նչ եք կարծում, ե՞րբ կարող է ստորագրվել նոր համաձայնագիրը:

-Հույս ունեմ, որ բանակցություններն, իրոք, երկար չեն ձգձգվի, բայց ստորագրումն այս տարի հաստատ տեղի չի ունենա: Կարծում եմ, կլինի 2016-ի գարնանը: Չնայած դա կախված է նաև արտաքին գործոններից, եթե չլինեն ճնշումներ ու մենք հանգիստ կարողանանք բանակցություններ վարել:

-Շատ կարևոր է գործընթացի թափանցիկությունը. հիշենք, որ Ասոցացման համաձայնագրի բովանդակությունը, բացի բանակցողներից, մնաց անհայտ հայաստանյան քաղաքական, հասարակական շրջանակների համար: Այդ սխալը կրկնվի՞ այս անգամ:

-Ինքս էլ Բրյուսելում բարձրացրել եմ այդ հարցը, ու ասել, որ նախորդ գործընթացը եղավ փակ, հասարակությունն ու քաղաքական ուժերը դրան մասնակից չդարձան ու դա սխալ ճանապարհ էր: Ես հույս ունեմ, որ հնչած քննադատությունը տեղ է հասել և այս անգամ նույն սխալը չի կրկնվի: Ի դեպ, իմ քննադատությունն ուղղված է ոչ միայն ԵՄ բանակցող կողմին, այլև մեր կառավարությանը: Ինձ ԵՄ-ից գիտե?ք ինչ էին ասում, որ ձեր կառավարությունը պարտավոր էր համաձայնագրի տեքստը մատչելի դարձնել ձեր հանրության համար: Կա ընդունված կարգ` բանակցությունների գաղտնի փուլում չհարպարակել ոչինչ, բայց կան բաներ, որոնք այլևս գաղտնիք չլինելով կարող էին հրապարակվել, ինչը չավեց: Այնպես, որ հիմա հուսով եմ, որ թե Բյուսելում, թե մեր իշխանություններին ուղղված քննադատությունս երկու կողմերն էլ հիմք կընդունեն ու կգործեն ավելի թափանցիկ: Իսկ մենք այս հարցում պահանջատեր ենք լինելու:

ԱՐՄԻՆԵ ՍԻՄՈՆՅԱՆ

Աղբյուր՝ armar.am

Բաժին: featured, Հարցազրույցներ, Մամուլ