Աղայան 65 շենքի բնակիչները դիմել են ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանի օգնությանը

08/08/2013

ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը հերթական հանդիպումն ունեցավ Վանաձորի Աղայան 65 շենքի բնակիչների հետ: Շենքը գտնվում է ծայրաստիճան վտանգավոր վիճակում, ինչի մասին բնակիչները բազմիցս ահազանգել են տեղական ու մարզային իշխանություններին: 2013-ի հունվարի 18-ին բազալտե հիմքերի փլուզման և պատերի ճաքերի լայնանալու ահազանգով համապատասխան մասնագետները որոշել էին շենքը ենթարկել տեխնիկական հետազոտության: Ապրիլի 19-ին քաղաքաշինության նախարարությունից ստացված պատասխանի համաձայն շենքը որակվել է որպես 3-րդ աստիճանի վթարայնության, սակայն դրա վերականգնման և ուժեղացման աշխատանքները հնարավոր կլինի մյուս 84 շենքերի հետ կազմակերպել միմիայն ֆինասական միջոցների առկայությամբ: Նախորդ ուսումնասիրությունից անցել է 10-ը տարի և այդ ընթացքում շենքի վիճակը գնալով վատթարացել է: Բնակիչները դիմել են Վանաձորի քաղաքապետին՝ համայնքի բյուջեի միոցներով տեխնիկական նոր հետազոտություն իրականացնելու և շենքի կարգավիճակը փոխելու խնդրանքով:

Բաժին: Հետընտրական հանդիպումներ