Էդմոն Մարուքյանն անհանգստացած է. պատգամավորի օգնականի ցածր աշխատավարձը թույլ չի տալիս օրենք հեղինակող մասնագետների աշխատանքի վերցնել
Անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը 2015 թվականի Ազգային ժողովի վերաբերյալ ծախսերի քննարկման ժամանակ բարձրացրեց այն մտահոգությունը, որ պատգամավորի օգնականի ցածր աշխատավարձը թույլ չի տալիս աշխատանքի վերցնել մասնագիտական այնպիսի կարողությունների տեր անձանց, որոնք կկարողանան օրենք հեղինակել: Մարուքյանը նշեց նաև, որ դրան զուգահեռ Կառավարությունն ունի մասնագետներով համալրված մեծաքանակ խումբ: Մարուքյանի խոսքով՝ այդ է պատճառը, որ հեղինակած օրենքների 95 տոկոսը հեղինակում է Կառավարությունը:
Բյուջեի ծախսային մասը ներկայացրած ԱԺ աշխատակազմի ղեկավար, Արդարադատության նախկին նախարար Հրայր Թովմասյան էլ հակադարձեց, որ եթե համեմատենք միջազգային պրակտիկայի հետ, ապա Կառավարության մասնագիտական խումբը նույնպես բավարար չէ, ապա խոստացավ, որ կուսումնասիրի միջազգային պրակտիկան և կփորձի կարգավորել այդ խնդիրը՝ ներդնելով իր մասնագիտական կարողությունները:
«Դուք Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարն եք և պետք է մեր շահերը պաշտպանեք, իսկ Արդարադատության նախարարության ռեսուրսների համար թող ասի նախարար Մանուկյանը, ես վստահ եմ իրենք ունեն բավարար ռեսուրսներ»,- այսպես արձագանքեց Էդմոն Մարուքյանը:
Հրայր Թովմասյանն էլ արձագանքեց՝«դե հորանց տուն է»՝ նկատի ունենալով, որ Կառավարությանը համարում է հայրական օջախ՝ «հորանց տուն»:
Լիլիթ Լալայան
Աղբյուր՝ newsline.am
Բաժին: Մամուլ