Հենց ասում ենք մարզեր, ասում եք ֆինանսների խնդիր կա. Էդմոն Մարուքյան

28/10/2014

«Վանաձորում կան վթարային շենքեր ու տնակներ: Ուզում եմ հասկանալ` ի՞նչ սկզբունք է կիրառվել Երևանին երկու մլրդ դրամ հատկացնելու համար, որպեսզի բնակիչներին փոխհատուցում տրամադրվի, մինչդեռ Վանաձոր, Գյումրի և այլ քաղաքներում ոչ մի բան այդ ուղղությամբ նախատեսված չէ»,-ԱԺ-ում 2015թ-ի պետական բյուջեի քննարկման ժամանակ ասաց ԱԺ անկախ պատգամավոր, Վանաձորից մեծամասնական ընտրակարգով ընտրված պատգամավոր Էդմոն Մարուքյանը:

 

Պատգամավորը նշեց, որ նախագծով Վանաձորի և Գյումրիի վթարային շենքերի և տնակների քանդման ու, ըստ այդմ, բնակիչներին փոխհատուցման մասին որևէ գումար հատկացված չէ, սակայն Երևանի վթարային շենքերի բնակիչներին բյուջեով հատկացվելու է 2 մլրդ դրամ՝ դրանք քանդելուց հետո փոխհատուցելու համար:

 

Ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանը նախ հորդորեց պատգամավորին չնեղսրտել և ասաց. «Պատճառը միայն մեկն է` ֆինանսների բացակայություն: Բայց դրանք քննարկման հարցեր են, և մենք անպայման կքննարկենք»,-ասաց փոխնախարարը: Փոխնախարարի խոսքով՝ 90-ականներից սկսած պետությունը ահռելի գումարներ է հատկացրել այդ քաղաքներին՝ վթարային շենքերի համար:

 

«Քանդման շենքերը դեռ իր հերթին, բայց մարդիկ տնակներում են ապրում: Ես հարցնում եմ՝ սկզբունքը ո՞րն է, եթե սկզբունքը անարդարությունն է, ուրեմն հարց չկա, այնտեղ այնքան քանդման ենթակա շենքեր կան, որտեղ մարդիկ վախենում են քնել, ճաքեր կան, որ ձեռքդ կմտնի այդ ճաքերի մեջ: Ես կդիմեմ վարչապետին, որ վերաբաշխում կատարվի ու քանդման ենթակա շենքերին գումար հատկացնի: Հենց ասում ենք մարզեր, ասում եք ֆինանսների խնդիր կա»,-շեշտեց Մարուքյանը:

 

Պավել Սաֆարյանն արձագանքեց, որ հարցն ընդունելի է և խոստացավ քննարկել:

 

Աղբյուր՝ Irakan.info

 

Բաժին: featured, Մամուլ