Հրայր Թովմասյանն օրինակ բերեց Արդարադատության նախարարությանը, Մարուքյանը խնդրեց պատգամավորների շահերը պաշտպանել
ԱԺ-ում 2015թ. պետական բյուջեի նախագծի քննարկումներին, երբ հերթը Ազգային ժողովին նախատեսված հատկացումներինն էր, անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը նկատեց, որ Կառավարության նախագծերի 95 տոկոսը ընդունվում է, մինչդեռ ԱԺ-ի մշակած նախագծերի միայն 5 հինգ տոկոսն է ընդունվում:
Պատգամավորն դա բացատրեց այն հանգամանքով, որ խորհրդարանի իրավաբանական վարչության անդամների քանակը, մասնագիտական պատրաստվածությունն ակնհայտորեն զիջում է կառավարության ռեսուրսին:
«Պատգամավորը քաղաքական գործիչ է, քաղաքական որոշում է կայացնում: Ժամանակն է, որ անդրադառնաք օրենսդիրի ու գործադիրի ռեսուրսների անհամաչափ բախշմանը»,-ասաց նա:
ԱԺ աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանն ի պատասխան օրինակ բերեց այլ երկրների փորձը, բայց ավելի շատ կենտրոնացավ Գերմանիայի Արդարադատության նախարարության վրա, որտեղ, նրա խոսքով, իրավաբանական վարչությունում 700 մարդ է աշխատում։
«Հասկանալի է, պատգամավորի մեկ օգնականն ի զորու չէ ամբողջ սպեկտրով խորհրդատվություն տալ»,- ասաց նա։
Նա նշեց, որ խնդիր կա օգնականներ պատրաստելու հետ, բայց արդեն ձեռք է բերվել համաձայնություն միջազգային կառույցների հետ, որ նրանց համար կկազմակերպվեն սեմինարներ, կտպագրվեն ձեռնարկներ և այլն:
Մարուքյանը կատակով հակադարձեց. «Պարոն Թովմասյան, դուք արդեն մեր աշխատակազմի ղեկավարն եք, մեր շահերը պետք է պաշտպանեք: Արդարադատության նախարարության մասով պարոն Մանուկյանը թող իրենց շահերը պաշտպանի»:
Նախկին արդարադատության նախարար Հրայր Թովմասյանն էլ ժպտալով հավելեց. «Դե հորանց տունն է»:
Աղբյուր՝ tert.am
Բաժին: Մամուլ