Է. Մարուքյանը ԵՄ-ին կոչ է արել աջակցել ՀՀ նոր ԸՕ–ում «Լուսավոր Հայաստանի» առաջարկությունները ներդնելու հարցում
ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանն այսօր ժողովրդավարացման, իրավունքի գերակայության, մարդու իրավունքների և ազատությունների թեմայով ելույթ է ունեցել ԵՄ-Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի 16-րդ նիստում, այս մասին նա հայտնում է իր ֆեյսբուքյան էջում։
Պատգամավորը նշում է, որ ելույթում անդրադարձ է կատարել մարդու իրավունքների և ազատությունների ներկայիս վիճակին և կոչ արել եվրոպական ինստիտուտներին, շարունակել համագործակցությունն ու աջակցությունը ՀՀ իրավապաշտպան կառույցներն։
«Անդրադառնալով սահմանադրական հանրաքվեին և ընտրական իրավունքների խախտումներին, եվրոպական խորհրդարանի իմ գործընկերների ուշադրությունը հրավիրեցի ընտրական նոր մեխանիզմների ղրղզական փորձին և ներկայացրեցի Լուսավոր Հայաստան Կուսակցության առաջարկները՝ ՀՀ նոր ընտրական օրենսգրքի վերաբերյալ՝ ակնկալելով ԵՄ աջակցությունը՝ նշված մեխանիզմները ՀՀ-ում ներդնելու և վերջնականապես վերջ տալու 20 տարի ձգվող ընտրախախտումների համակարգին։
Ելույթիս վերջում վստահություն հայտնեցի առ այն, որ Լուսավոր Հայաստան կուսակցությունը Հայաստան-ԵՄ խորը ինտեգրացման կողմնակից քաղաքական ուժ է և հավատում է, որ վաղ թե ուշ, Հայաստանը կհաղթահարի բոլոր դժվարությունները և կշարունակի ընդհատված եվրոպական ինտեգրումը»,– գրում է պատգամավորը։
Աղբյուր՝ tert.am
Բաժին: Մամուլ