Ստացվում է, որ դու ունենում ես ձև, սակայն ոչ բովանդակություն. Էդմոն Մարուքյանը` ԲՊԱ էթիկայի հանձնաժողովի մասին Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով

17/01/2016

Իրավաբան.net-ը սկսում է նոր նախագիծ՝ «Հակակոռուպցիոն պայքար. մի՞ֆ, թե՞ իրականություն» խորագրով: Մեր առաջին զրուցակիցը «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ, ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանն է, որը վստահեցնում է, որ համակարգային կոռուպցիան արգելակում է երկրի զարգացումը: Նա դեմ է նաև, որ կոռուպցիայի դեմ պայքարի ստեղծված խորհուրդը կազմված լինի պաշտոնատար անձանցից և ղեկավարվի վարչապետի կողմից, այս մասին պարոն Մարուքյանը ասել է նաև ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանին: Էդմոն Մարուքյանի հետ զրուցել ենք կոռուպցիայի դեմ պայքարի կուսակցական մեթոդներից: Մանրամասները` հարցազրույցում: – Նախորդ տարվա վերջին «Լուսավոր Հայաստան» քաղաքացիական նախաձեռնությունը վերածվեց կուսակցույթան` նախանշելով իր անելիքները: Ի՞նչ ուղղություն եք որդեգրել կոռուպցիայի դեմ պայքարում, որո՞նք են առաջնային խնդիրները: – Առաջնային խնդիրներից մենք առանձնացրել ենք նրանք, որ ուղղակի հատային բնույթ չեն կրում` մի կաշառքի դեպք չէ, որևէ փոքր կոռուպցիոն երևույթ չէ, այլ այն կոռուպցիոն երևույթները, որոնք համակարգային են: Եթե օրինակներով խոսենք, առաջինը ես պետք է նշեմ՝ մոնոպոլիաները, հովանավորչությունը տնտեսական գործունեության բնագավառում, որի պատճառով ուղղակի երկրի զարգացման հնարավորությունները և ընդհանրապես մեր քաղաքացիների ունեցած հնավորությունները խորը կերպով սահմանափակվում են: Հայաստանում ոչ թե կարող են հազարավորներն ինչ-որ բան երազել և այն կյանքի կոնչել, այլ կարող են լինել տասնյակները: Այն հասարակությունները, որտեղ ընդամենը տասնյակ մարդիկ կարող են հարստանալ տնտեսական գործունեության ընթացքում, այդ հասարակությունները զարգացման առումով ապագա չունեն, մենք հիմա՝ ՀՀ-ում նման տնտեսական ու քաղաքական համակարգ ունենք: «Լուսավոր Հայաստան»-ի թիրախը հենց այդ քաղաքական համակարգն է լինելու: Ներկայումս կուսակցությունում ձևավորվել է հակակոռուպցիոն մեխանիզմների ուսումնասիրման և ի հայտ բերման հանձնաժողով, որտեղ մարդիկ հստակ ուսումնասիրություններ են իրականացնելու օրենքների, դրանց բացերի և իրավակիրառ պրակտիկայի հետ կապված: Մեր ուսումնասիրությունների արդյունքում հանգել ենք բազմաթիվ խնդիրների, օրինակ՝ խոսենք դեղերի շուկայի մասին, հիմա չեմ ներկայացնի գործը, քանի որ այն դեռ ուսումնասիրության փուլում է, միայն կասեմ, որ Հայաստանում կա շատ կարևոր և կենսական նշանակություն ունեցող դեղ է, որը գրեթե երեք անգամ թանկ է վաճառվում այստեղ, քան Թբիլիսում: Ակնհայտ է, որ սա կոռուպցիայի և հովանավորչության արդյունք է, որովհետև այդ նույն դեղի ներմուծման խնդիրը՝ հասցնել Թբիլիսի, թե հասցնել Երևան, ըստ էության տնտեսական հիմնավորումների և ծախսերի տեսանկյունից, նույնն է, ապա ինչո՞ւ պետք է այդ դեղը երեք անգամ ավելի թանկ վաճառվի Հայաստանում: Սա օրինակներից մեկն է: Բացի այդ, երկար տարիներ, ես խորհրդարանում բարձրաձայնում եմ պետության կողմից հովանավորվող տարբեր ՍՊԸ-ների միլիարդավոր գումարներ աշխատելու արատավոր երևույթի մասին: Խոսքը գնում է ճանապարհային երթևեկության կանոնների հսկման և դրա հետ կապված բազմամիլիարդանոց եկամուտներ ապահովող մի ՍՊԸ-ի մասին, կարմիր գծերի հետ կապված նույնպես նույն իրավիճակն է: Մենք նման դեպքերի վրա ենք կենտրոնանալու: Մենք խնդիրները տեսնում ենք և վեր հանում, հարկավոր է օրենսդրական հնարավորությունները, բացերը փակել ու հանդես գալ խորհրդարանում նմանատիպ առաջարկներով: Այսպիսով` սկսած փետրվար ամսից մենք ներկայացնելու ենք նախագծեր, որոնք փակելու են այդ հնարավորությունները, որոնց մասին խոսեցինք: – Տեսաբանների կարծիքով՝ կոռուպցիան երկու դրսևորում ունի՝ վերևների ու նաև ներքևների: Ինչպես հասկացա, Դուք շեշտը դրեցիք վերևների կոռուպցիայի վրա, սակայն պակաս կարևոր չէ ներքևներինը` դա լինի կաշառք տալու տեսքով ոստիկանին, բժշկին և այլն: Այս առումով ի՞նչ գործողություններ են նախանշվում: – Մենք զբաղվելու մասով տարանջատում չենք մտցնում: Սակայն մենք ցանկանում ենք համակարգային խնդիրներին անդրադառնալ: Ներքևների կոռուպցիան շատ է քննարկվել, շոշափվել: Ես որպես փաստաբան ժամանակին տարբեր քրեական գործերով պաշտպան եմ հանդես եկել, օրինակ` որևէ «խեղճ ու կրակ» աշխատող մի առիթով կաշառք է վերցրել, որը դատապարտելի է, բայց մեր ողջ հասարակական կարծիքը կենտրոնանում է այս հանգամանքի վրա` բաց թողնելով համակարգային կոռուպցիոն երևույները: Երկուսը դատապարտելի են, երկուսն էլ պետք է քննարկման առարկա դառնան, բայց երկրի զարգացմանը խոչընդոտելու տեսանկյունից ո՞րն է առավել կարևոր. մենք ամենավտնագավորն ենք ցանկանում թիրախավորել և հարվածել: Ինչո՞ւ, որովհետև մենք գտնում ենք, որ դրա դեմ պայքարը նույնպես, ըստ էության, առավել վտանգավոր է լինելու: Այնպես որ մենք ցանկանում ենք խորամուխ լինել ու վեր հանել այն օրենսդրական անցքերը, որոնք որ թույլ են տալիս, որ դա տեղի ունենա: Այս գործընթացում շատ ակնհայտ է լինելու հովանավորները, որովհետև ովքեր, որ չմիացան, թույլ չտվեցին, որ այդ սողանքը փակվի, ապա նրանք էլ հենց հովանավորում են կոռուպցիան մեր երկրում: – Խոսելով վերևների կոռուպցիայի դեմ պայքարից` կարևոր նորմ է նաև ապօրինի հարստացման քրեկանացման ինստիտուտի ներդնումը: Քրեական նոր օրենսգրքում, որը նախագծային տարբերակով է դեռ, այս ինստիտուտն ամրագրված է: Հարցը դիտարկենք վերևների կոռուպցիան նվազեցնելու տեսանկյունից. ի՞նչ կտա այս ինստիտուտը, եթե ներդրվի: – Մենք ուսումնասիրել ենք ՀԵԻԱ-ի կողմից ներկայացված առաջարկությունները, սակայն այս պահին սպասում ենք նոր քրեական օրենսգրքի շուրջ քննարկումներ, որպեսզի հասկանանք միջազգային փորձն ու առկա հնարավորությունները: Ինչո՞ւ, որովհետև մենք բազմաթիվ ինստիտուտներ ենք ներդրել Հայաստանում, օրինակ` Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը. առաջին հայացքից գաղափարը լավն է, բայց երբ այն կիսատ ես ներդնում, խնդիր է առաջանում, որը հնարավոր չի լինում երկար տարիներ լուծել: Ստացվում է, որ դու ունենում ես ձև, սակայն ոչ բովանդակություն: Հիմա, եթե մենք ձևի համար ունենալու ենք ապօրինի հարստացման քրեականացման նորմ, որն իրավակիրառական պրակտիկայում չի կիրառվելու, ավելի լավ է չունենանք: Ուստի խորությամբ պետք է հասկանալ առաջարկվող մեխանիզմի էությունը ու թե ինչպես անել, որ այդ մեխանիզմը չմնա թղթի վրա: Ես բազմիցս ասել եմ, ու հիմա էլ պետք է կրկնեմ` մենք չունենք այնպիսի հասարակական կազմակերպություններ, որոնք զբաղվում են տնտեսական ոլորտում կոռուպցիոն երևույթների դեմ պայքարով, բոլորը զբաղվում են խոշտանգումներով, մարդու իրավունքների խնդիրներով քրեակատարողական հիմնարկներում, սակայն այս հատվածը բաց ենք թողել: Պետք է այս հանգամանքին ուշադրություն դարձնել, որովհետև այստեղ մեծ աշխատանք կա անելու: – Խոսքը տնտեսության մեջ կոռուպցիայի մասի՞ն է: – Այո, իրականում տնտեսվարողի համար շատ բարդ է հայտարարել, թե ինչ խնդիրներ կան, բայց որ մի ՀԿ ուսումնասիրի ու հրապարակի, ապա համակարգային առումով լուրջ բան է դուրս գալիս: «Լուսավոր Հայաստանը» փորձելու է այս ուղղությամբ աշխատանք տանել: – «Լուսավոր Հայաստանն» իր ստեղծման օրվանից տարբեր այցելություններ ունեցավ մարզերում: Կոռուպցիայի դեմ պայքարում կարևոր է նաև քաղաքացիական հասարակության պայքարը և իրավագիտակցության բարձր մակարդակը, արդյոք ձեր այցելությունների շրջանակներում մարզերում քննակե՞լ եք կոռուպցիային առնչվող խնդիրներ: – Անընդհատ խոսվում է, շեշտվում, որ մարդկանց իրավագիտակցության մակարդակը ցածր է: Իրականում մեր քաղաքացիների իրավագիտակցության մակարդակն այնքան էլ ցածր չի, որքան որ ներկայացվում է. մարդիկ շատ դեպքերում լավ էլ գիտեն` ինչ է պետք անել ու ոնց: Բայց երբ գալիս է այդ անելու պահը, վախի մթնոլորտը, տեռորի մեխանիզմները մարդկանց նկատմամբ, սկսում են աշխատել: Այդ վախի մթնոլորտի հետ մենք ամեն օր բախվում են: Նախ մարդիկ հիասթափված են, երբ հաղթահարում ենք այդ հիասթափությունը, երկրորդ հարցն է ի հայտ գալիս, լավ, ի՞նչ ճնշումներ կարող են լինել նրանց նկատմամբ ու ինչի՞ց կարող են նրանք զրկվել: Մի բան հստակ է` դու այնտեղ չես ապրում, դու կարող է գնաս, այնտեղ գոռաս, ցույց անես, հետ ետ գաս ու այդ մարդը մնում է միայնակ: Տվյալ պարագայում իրավապաշտպանության հայտնի սկզբունքն է գործում` չվնասելու սկզբունքը, եթե չես կարողանում օգնել, ապա պետք էլ չի վնաս տալ: Հնարավոր է` ես մի իրավախախտման խնդիր բարձրացնեմ, այդ զոհին ավելի շատ վնաս տամ, քան բարձրաձայնելով` օգուտ: – 2015թ. դեկտեմբերին տեղի ունեցավ Կոռուպցիայի դեմ պայքարի երկրորդ նիստը` վարչապետի նախագահությամբ: Ի տարբերություն նախորդի, այս մեկը փակ էր, լրագրողներին ընդհանրապես թույլ չեն տվել լուսաբանել այն: Արդյոք հետևե՞լ եք այս խորհրդի գործունեությանը ու գտնո՞ւմ եք, որ այն կարող է արդյունավետ պայքարել կոռուպցիայի դեմ: – Ես որևէ պայքար չեմ տեսել այդ խորհրդի կողմից: Ես ինքս` անձամբ, հանրապետության վարչապետին ասել եմ, որ սխալ է, երբ գործադիր իշխանության ներկայացուցիչները, այդ թվում` ղեկավարն, ընդգրկված են հակակոռուպցիոն խորհրդում ու նախագահում են այն: Առաջինը` վստահության խնդիր է առաջանում: Հայտնի է, որ գործադիր իշխանությունն է հենց կոռուպցիայի մեջ թաթախված: Ուստի` շատ կարևոր է, որ դա լինի անկախ մարմին, այսինքն` ընդդիմությանը կամ քաղաքացիական հասարակության ինստիտուտներին տրվի, բայց ոչ` իշխանությանը, որովհետև ակնհայտ է, որ իշխանությունն է հենց կոռուպցիոն բացթողումների հեղինակը: Նա է թույլ տալիս, որ այդ բացերը լինեն, լինի կոռուպցիա և ինքը օգտվի դրանից: Այս առումով շատ ակնհայտ պետք է կարմիր գիծը քաշենք ու գնանք առաջ` ասելով, որ իշխանություն դու հեռու մնա, թող կոռուպցայի դեմ պայքարով զբաղվեն այն մարդիկ, ովքեր անկախ են, որովհետև դու չես կարող ինքդ քեզ վերահսկել, սա ակնհայտ սկզբունք է: Այն միջազգային կազմակերպությունները, որոնք դրամաշնորհ են տալիս կառավարությանը նման հակակոռուպցիոն «պայքար» մղելու առումով, նրանք նույնպես կտեսնեն, որ չի կարող կառավարությունն ինքն իր դեմ պայքարել: – Ձեր թիմում կան նաև շատ երիտասարդ կադրեր, տեղյակ եմ նաև, որ դուք այցելել եք Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոց, դասախոսությամբ հանդես եկել: Ներկայումս հակակոռուպցիոն կրթական մոդել չկա, դուք գտնում եք, որ պետք է այն ներդնել: – Եթե հակակոռուպցիոն կրթական մոդելը ներդրվի այսօրվա բուհական համակարգում, որտեղ զանգվածային կերպով հանրապետականազիցիայի է ենթարկված, դա որևէ օգուտ չի տա, որովհետև այդ մթնոլորտում, որտեղ չկա բազմակարծություն, բազմակուսակցականություն, հակակոռուպցիոն մեխանիզմներ հնարավոր չէ ներդնել: Նախ պետք է ձերբազատվել այդ միակուսակցականումից, որպեսզի ուսանողը չվախենա, թե ինքը ընդդիմադիր ուժի ներկայացուցիչ է: Եթե այդ մթնոլորտ լինի, ապա, այո, կարելի է մտածել հակակոռուպցիոն կրթական մոդելի մասին:

Հարցազրույցը և լուսանկարները` Գևորգ Թոսունյանի

Մտահղացման հեղինակ` Կարեն Զադոյան

Աղբյուր՝ iravaban.net

Բաժին: featured, Հարցազրույցներ, Մամուլ