Պատգամավորը վարչապետին առաջարկել է ավանդների վերադարձնելիս հաշվի առնել մարդկանց տարիքն ու առողջական վիճակը

02/09/2013

Հայաստանի ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը դիմել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին՝ առաջարկելով ավանդների դիմաց փոխհատուցման առաջնահերթությունների նոր չափորոշիչներ սահմանելիս հաշվի առնել նաեւ դիմումատուի տարիքի ու առողջական վիճակի հետ կապված հանգամանքները:

Ստորեւ ներկայացնում ենք Էդմոն Մարուքյանի՝ վարչապետին ուղղված նամակը.

«Մամուլից տեղեկացա, որ կառավարությունը ծրագրել է 2014 թվականից վերսկսել նախկին ԽՍՀՄ Խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչեւ 1993 թվականի հունիսի 10-ը ներդրված դրամական ավանդների դիմաց փոխհատուցման տրամադրման ծրագիրը եւ սահմանել ավանդների դիմաց փոխհատուցման տրամադրման առաջնահերթությունների նոր չափանիշներ:

2006 թվականի մարտի 16-ին ընդունված նախկին ԽՍՀՄ Խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչեւ 1993 թվականի հունիսի 10-ը ներդրված դրամական ավանդների դիմաց փոխհատուցման տրամադրման կարգը հաստատելու մասին Հայաստանի Հանրապետության Կառավարության թիվ 352-Ն որոշմամբ այնպիսի կարգ է սահմանված, որ հաճախ անձը դիմում է փոխհատուցում ստանալու համար եւ նրան հասանելիք փոխհատուցումն ուշանում է եւ մինչ իր հերթը հասնելը նա մահանում է, իսկ նրա ժառանգները հնարավորություն չունեն ստանալու նշված միջոցները: Նշեմ նաեւ, որ Հայաստանի Հանրապետության աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության սոցիալական աջակցության վարչության հայտնած տվյալների համաձայն՝ նախկին ԽՍՀՄ Խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչեւ 1993 թվականի հունիսի 10-ը ներդրված դրամական ավանդների դիմաց փոխհատուցման վճարման ամփոփ ցուցակներում ընդգրված շուրջ 62 800 ավանդատուներից 2012 թվականի հոկտեմբեր ամսվա տվյալներով դադարեցվել են 7 657 մահացած անձանց ավանդի փոխհատուցման գործերը:

Վերոգրյալը հաշվի առնելով եւ ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի (ը) կետով՝ առաջարկում եմ առաջնահերթությունների նոր չափորոշիչներ սահմանելիս հաշվի առնել նաեւ դիմումատուի տարիքի ու առողջական վիճակի հետ կապված հանգամանքները»:

Բաժին: Հարցազրույցներ